Վերնագիրը վերջում թող ընտրի ընթերցողը (պախարակելի՞ է, որ ո՛չ գոմիկ են, ո՛չ էլ տրանսգենդեր)
17.01.2020 | 00:36
Նիկոլ Փաշինյանին «հեղափոխության» վերջնական հաղթանակի համար մնում է հաղթահարել վերջին արգելքը, որը ոսկորի պես խրվել է «հեղափոխական կառավարության» կոկորդին: Այն է` պրծնել սահմանադրական դատարանի իր քիմքին ոչ հաճո անդամներից: «Խեղճ» մարդն ի՜նչ ասես արեց, բայց ՍԴ դատավորներին որևէ կերպ հնարավոր չեղավ ո՛չ քրեական գործերով վախեցնել, ո՛չ կաշառելով, որովհետև պարզվեց, որ ՍԴ անդամները ոչ թե հասարակ ձկներ են, այլ իսկական «պնդաճակատիկներ», որ չեն վախենում իրենց նետված և ոչ մի ձեռնոցից, այլ ստոյիկյան հանգստությամբ վերցնում են այն և քթները մաքրելով դեն շպրտում:
Վերջին միջոցը, որից պիտի վախենային այդ «պնդաճակատները», կարծես գտնվել է. որոշ անդամների վրա կոմպրոմատ են գտել և ինչպես կասեր հանճարեղ Պարոնյանն իր հերոսի բերանով՝ ամուսինն անկողնում անհավատարիմ գտնված է: Ճիշտ է, մեր «պնդաճակատների» կանայք չէ, որ անհավատարիմ են գտնվել, այլ Սահմանադրական դատարանի իրենց տղամարդ ամուսինները: Չգիտեմ և դժվար է ենթադրել, թե ինչպես իրենց կպահեն այդ «պնդաճակատների» կանայք, բայց ասեմ նրանց, որ եթե Հիլարի Քլինթոնը ներեց Սպիտակ տան օվալաձև սենյակում Մոնիկա Լևինսկու հետ սեքսով զբաղված իր ամուսնուն՝ երկրի նախագահ Բիլ Քլինթոնին, ապա մեր հայ կանայք ինչու՞ պիտի չներեն իրենց ամուսիններին, որոնցից պրծնելու համար վարչապետն իր թիմով ոչ մի միջոցի առջև կանգ չի առնում: Ավելին ասեմ՝ հիշելով պատմությունը։ Երբ Ստալինին ասում են, թե Ռոկոսովսկին շատ ժամանակ է անցկացնում սիրուհիների հետ, նա եզրակացնում է.
--Это ерунда! А у кого нет любовницы? Даже Буденный, кому скоро сто лет, имеет любовницу и при том не одну!
Ճիշտ է, այսօր մեր երկրում Փաշինյանի բերած հեղափոխության բարոյական արժեքներն ավելին են՝ ազատություն է տրված գեյերին, տրանսգենդերներին, տրանսվեստիտներին, լեսբուհիներին, սակայն դա չի նշանակում, թե արտամուսնական կապերը դատապարտելի չեն, մանավանդ, երբ տղամարդը սեփական տիկնոջը դավաճանել է ոչ թե տղամարդու, այլ կնոջ՝ իմա՝ հակառակ սեռի հետ ու... առավել ևս, եթե այն ունի քաղաքական ենթատեքստ:
Անկեղծ ասած, իմ քննարկելիքը չեն Փաշինյանի բերած հեղափոխության սեռական բնույթի բարոյական արժեքները, սակայն հիշեցի մի դեպք՝ կապված բարոյական նման արժեքի հետ: Անցած դարում է կատարվել դեպքը: Սկզբից ևեթ հայցելով ընթերցողների ներողամտությունը՝ փաստեմ՝ իրերը կոչելու եմ իրենց անուններով։
Շահումյանի դատախազն էր մի պատկառելի, հիանալի գիտելիքների, մարդկային բարձր բարոյական արժեքների կրող, Թամանյան դիվիզիայի հետ Երևանից Բեռլին հասած Սուրեն Երեմիչը: Նրա հակառակ պատկերն էր դատախազի օգնական Յուրա Գուրգենի Խաչատրյանը: Վերջինս ուտող-խմող, առատորեն կյանքը վայելող, փողի արժեքը չգնահատող մարդ էր: Ասեմ, որ նրա հայրը Կիրովաբադում նույնպես դատախազ էր եղել: Յուրան շատ ազատամիտ և համարձակ անձնավորություն էր: Մի անգամ Երեմիչի ականջին հասնում է, որ աշխատանքից հետո Յուրայի կաբինետ աղջիկներ են հաճախ գալիս: Երեմիչը հարցնում է.
-Ա՛յ տղա, լսել եմ, որ հինգից հետո քո կաբինետ քած-մած ես բերում:
Յուրան չընկճվելով, չփորձելով արդարանալ, իրեն հատուկ շիտակությամբ, անգամ ծիծաղելով ասում է.
-Երեմիչ, գիտեմ, որ մինչև ժամը հինգը իմ դատախազն ես: Կներես, բայց չեմ կարող չհարցնել՝ կարո՞ղ է հինգից հետո էլ իմ համապատասխան մասի դատախազն ես:
Տրված պատասխանից Երեմիչն անակնկալի է գալիս, փռթկում է և արձագանքում.
-Թքեմ անամոթ երեսիդ:
Դեպքից հետո Երեմիչը շարունակեց լավ հարաբերությունները Յուրա Խաչատրյանի հետ: Այն էլ ասեմ, որ Խաչատրյանն այդ ժամանակ ամուսնացած էր:
Սահմանադրական դատարանի անդամների վրա ճնշում գործադրելու իշխանությունների վարքագծի հետ կապված հիշեցի այս դեպքը:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ.1 Չէ՛, չեմ կարծում, թե «պնդաճակատները» կունենան այդքան համարձակություն, համապատասխանների մոտ կօգտվեն Յուրա Խաչատրյանի լեքսիկոնից և գրավոր կգրեն որևէ տեղ: Բայց մի բան հաստատ գիտեմ, որ այսօր ոչ միայն իսկական տղամարդիկ, այլև շատ խանդոտ կանայք ասում են՝ ոչ մեկի, ինչ աթոռի էլ նստած լինի այդ մեկը, գործը չէ քիթը խոթել ուրիշի սեռական կյանքի ոլորտ ու քրքրել կեղտոտ սպիտակեղենը: Ճիշտ է, նրանք չեն օգտվում Յուրա Խաչատրյանի լեքսիկոնից, բայց ասածները համարյա նույնն են...
Հ.Գ. 2 Այսքանից հետո առաջարկում եմ՝ թող ընթերցողն ընտրի հրապարակմանս վերնագիրը:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ